Ձիերը

Երբ Արարիչը ստեղծեց ձիուն, ասաց նրան. «Ոչ մի կենդանի չի համեմատվի քեզ հետ. քո աչքերի մեջ արտացոլվում են աշխարհի բոլոր գանձերը: Դու կտրորես իմ թշնամիներին եւ քո վրա կտանես իմ բարեկամներին: Քո մեջքին նստած` նրանք աղոթքներ կուղղեն ինձ: Դու երջանիկ կլինես երկրի վրա, եւ նրանք քեզ կգնահատեն բոլորից ավելի, քանզի քոնն է Երկրի տիրոջ սերը: Դու կթռչես առանց թևերի եւ կհարվածես առանց սրի…»
Արաբական առասպել
«Կենտավր» կենտրոնը հիպոթերապիա է անցկացնում 2007թ - ից: Ունենք 7 ձի` 1 հովատակ, 7 զամբիկ եւ մեկ պոնի:

Խարունժի/Խուժան

Ծնվել է՝ 2004թ.
Մահացել է՝ 2011 20 հունիսի
Ցեղատեսակ` անգլո-բուդյոնովյան
Մայրը` Խատանգա
Հայրը` Ժեմչուգ
Սեռը` հովատակ
Թույրը` մուգ աշխետ

Խարունժի մահացել է լիմֆոսարկոմայից, ընդամենը ինը տարեկան հասակում: Նա առաջին հիպոթերապիայի ձին էր Հայաստանի պատմության մեջ: Նա ամենահրաշալին էր ինձ հանդիպած ձիերից...

Նա անձնագրով է Խարունժի, բայց մենք նրան Խուժան ենք կոչում: Խուժանը հիպոթերապիայի գլխավոր «բժիշկն է»: Նա հանգիստ է, ընկերասեր եւ համբերատար իր նոր հեծյալների, մանավանդ երեխաների հանդեպ: Նա մեր ձիերից ամենահամեստն ու զգայունն է: Նոր բաները նրան հաշված վայրկյաններում են տրվում:
Սակայն նրան բնորոշ է բացառիկ ալարկոտությունը. նա կարող է վարգի ընթացքում անգամ քնել` չդադարեցնելով վազքը: Խուժանը շատ բկլիկ է: Երբ շուրջը մարդիկ են լինում, եւ որեւէ մեկը շաքար կամ խնձոր է տալիս Խուժանին, նա իր մռութը տանում է դեպի բոլոր մարդկանց ձեռքերը` անկախ այն բանից, նրանց մոտ շաքար կա թե ոչ:

Սալմա

Ծնվել է՝ 2003թ.
Ցեղատեսակ` տեղական
Մայրը` անհայտ
Հայրը` անհայտ
Սեռը` զամբիկ
Թույրը` աշխետ

Սալման մեր գլխավոր հիպոթերապիայի ձին է: Նա պատահաբար է հայտնվել մեր կենտրոնում, կամ գուցե և ճակատագրի բերումով: Ձիու նախկին տերը փողի խիստ կարիք ունենալով` որոշել էր մորթել նրան ու հանձնել մթերման: Իմանալով այդ մասին՝ մեր ընկերների օգնությամբ գնեցինք ձիուն և փրկեցինք նրա կյանքը: Սալման ոչ միայն շատ խելացի է, հեզ ու գեղեցիկ, այլեւ իդեալական ձի է հիպոթերապիայի համար: Նա ունի մեղմ խառնվածք, ճիշտ քայլք եւ երեխաների հետ շատ զգույշ ու հոգատար է:
Սալման հրաշալի ձի է դաշտերում ձիավարելու համար, ինչպես նաև հիանալի ուսուցիչ` նոր հեծյալների համար: Հեծյալից նա մշտական ուշադրություն է պահանջում: Մի փոքր անուշադրություն, և Սալման հեծյալին տանում է դեպի ախոռ: Ընդ որում այդ պահին նա այնքան հանգիստ ու խաղաղ տեսք ունի, ասես կատարում է հենց հեծյալի հրահանգը:
Գողթ/Գոլդեն

Ծնվել է՝ 2002թ.
Ցեղատեսակ` զտարյուն անգլիական
Մայրը` Գյուլդիստե
Հայրը` Խատինեց
Սեռը` հովատակ
Թույրը` բաց շագանակագույն

Գոլդենը շատ հարուստ տոհմածառ ունի: Նրա բոլոր նախնիները արագավազքի ձիեր են եղել: Նա սիրում է արգելքների վրայով թռչել: Նրա վարգը թռիչքի է նման:

Գոլդենը չի սիրում երկար նույն բանով զբաղվել: 10 րոպե վարգից հետո նա սկսում է մի ոտքից մյուսը տեղափոխվել, ասես հարցնում է. «Չե՞նք կարող այլ բան անել, նկատի ունեմ նոր բան»:

Գոլդենը անհույս կնամոլ է: Նա սիրահարվում է իգական սեռի բոլոր ներկայացուցիչներին` լինի դա ձի, կով, շուն, անգամ մարդ: գնահատում:
Սակայն դա չի նշանակում, որ ամեն մեկը կարող է նրան դուր գալ. նա ընտրողաբար է Երբ Գոլդենը իգական սեռի ներկայացուցիչ է տեսնում, նայում է նրա կողմն ու խրխնջում: Եթե կինը չափսերով ձիուց փոքր է, ապա ավելի լավ է չխրախուսի Գոլդենին: :)
Ժեֆա

Ծնվել է` 2005թ.
Ցեղատեսակը` անգլո - բուդյոնովյան
Մայրը` Ֆիշկա
Հայրը` Ժեմչուգ
Սեռը` զամբիկ
Թույրը` մուգ աշխետ

Ժեֆան Խուժանի արյունակից քույրն է: Նա բավականին հայտնի է մեր շրջակայքում՝ իր յուրահատուկ աչքերի համար. Ժեֆայի մի աչքը մարդու է /սպիտակ, սև շրջանակով/, մյուս աչքը՝ ձիու /գրեթե ամբողջովին սև/:

Հնարավոր չէ չհիանալ նրա գեղեցկությամբ և նրբագեղությամբ: Նրա հոգին նույնքան զգայուն է ու նուրբ, որքան բերանը: Մի կոպիտ բառն անգամ կարող է նրան վիրավորել: Նման դեպքում Ժեֆան քաշվում է դեպի ախոռի իր խցի ամենահեռավոր անկյունը, գլխով հպվում է պատին եւ մռթնած նայում ձայնն իր վրա բարձրացնողին: Այդ պահերին նա նմանվում է փոքրիկ երեխայի:
Ժեֆան սովորաբար խելոք աղջիկ է, սակայն նա էլ ժամանակ առ ժամանակ ունենում է «կրիտիկական օրեր»: Երբ նա քմահաճ է եւ ոչինչ անել չի ցանկանում, նրան հնարավոր չէ ստիպել: Այլ կերպ ասած՝ կին է:
Սաբինա

Ծնվել է` 2006թ.
Ցեղատեսակ` անգլո - արաբական
Մայրը` Բագիրա
Հայրը` Ստրասբուրգ
Սեռը` զամբիկ
Թույրը` շեկ

Սաբինան շիկահեր է: Ասում են, շիկահեր կինը կրկնակի կին է: Սաբինայի դեպքում հենց այդպես էլ կա: Նա առանձնանում է իր կոկետությամբ: Սաբինան չափազանց հետաքրքրասեր է և չարաճճի: Նա մեր ձիերից ամենափափուկ վարգն ու քառատրոփն ունեցողն է: Նա ի ծնե օժտված է լավ թռնելու ունակությամբ եւ հաճույքով է դա անում:

Մինչ մնացած ձիերը հստակ գիտեն, թե ով է այստեղ գլխավորը, Սաբինայի համար դա նշանակություն չունի: Նա ինքն է որոշում, թե որքան ժամանակ պետք է աշխատի օրվա ընթացքում. երբ իր սահմանած ժամանակն ավարտվում է, նա մեխվում է տեղում և չի շարժվում:
Հետո կիսափակում է աչքերը և պատրաստվում կիսաննջելուն, ինչը հեծյալին, իհարկե, հասցնում է խելագարության: :) Բայց նա ունի այսպես կոչված ՛՛հոգի՛՛, և դրա համար մեր հեծյալները նրան ներում են ամեն ինչ:

Սորբոնա

Ծնվել է` 2008թ.
Ցեղատեսակ` անգլո - արաբական
Մայրը` Բագիրա
Հայրը` Ստրասբուրգ
Սեռը` զամբիկ
Թույրը` շեկ

Սորբոնան Սաբինայի կրտսեր քույրն է: Նա չափազանց նման է Սաբինային, սակայն շատ ավելի էմոցիոնալ ու մեղմ է: Ավելի վաղ տարիքում Սորբոնան շատ էր վախենում քամուն թռչող իրերից /թուղթ, պոլիէթիլենային փաթեթ, և այլն/: Թռչող առարկա տեսնելիս նա բոլոր չորս վերջույթներով պարզապես շրմփում էր գետնին ու փակում էր աչքերը /ես քեզ չեմ տեսնում, ուրեմն ես այստեղ չեմ/:

Դա, իհարկե, չափազանց անհարմար էր /էլ չասած վտանգավոր/ հեծյալի համար: Մենք ստիպված էինք շատ մեծ աշխատանք տանել Սորբոնայի հետ, մինչև նա սովորեց հաղթահարել իր վախը:
Նա աքացի է տալիս, փորձում է կծել, հարձակվում է շների վրա: Բայց նման բաներ միայն դրսում և առանց հեծյալի են պատահում: Ախոռում ու թամբի տակ նա աշխարհի ամենահնազանդ ու բարի աղջիկն է:

Գժելա

Ծնվել է` 2009թ.
Ցեղատեսակը` անգլիականի եւ տեղականի խառնուրդ
Մայրը` Ժասմին
Հայրը` Գոլդեն
Սեռը` զամբիկ
Թույրը` մուգ շեկ

Գժելան տեղականի և անգլիականի խառնուրդ է, 2 տարեկան զամբիկ: Գժելան չափազանց քնքուշ է և մտերմիկ: Երբ նա փոքր էր, այնքան նման էր եղնիկի, որ իրեն ավելի հաճախ կոչում էինք Բեմբի: Գժելան շատ է սիրում լպստել իրեն մոտեցողների ձեռքերն ու դեմքը: Ավելի փոքր հասակում դա նրա համար պարզապես անհրաժեշտություն էր. եթե մեկը փորձեր խուսափել նրա փաղաքշանքներից, կառչում էր վերջինիս հագուստից և թույլ չէր տալիս հեռանալ: :)
Գժելան ծնվել է մեր ախոռում: Մենք սկսել ենք նրան վարժեցնել հենց ծննդյան պահից: Նա լինելու է Հայաստանում առայժմ միակ հիպոթերապիայի ձին, որը պատրաստվել է հիպոթերապիայի համար իր կյանքի հենց ամենասկզբից:

Գալիզգա

Ծնվել է` 1992թ.
Ցեղատեսակը` զտարյուն անգլիական
Մայրը` Գուդուրա
Հայրը` Գաբրով
Սեռը` զամբիկ
Թույրը` մուգ աշխետ

Գալիզգան ծնվել է Վրաստանում, որտեղ հիմնականում օգտագործվել է բուծման համար: Նա Հայաստան է փոխադրվել մի քանի տարի առաջ: Երբ նա մեծացավ, իր տերն այլևս չուզեց պահել իրեն և նվիրեց մեր ախոռին:

Գալիզգան ընկերասեր է, ունի հանգիստ խառնվածք և երբեք խոտի կամ ջրի համար կռիվ չի անում: Զբոսանքի տանելիս Գալիզային կապելու կարիք չի լինում:
Նա մեզ հետևում է շան նման, և նրա մտքով անգամ չի անցնում այլ ձիերի նման փախչել դաշտերը՝ այնտեղ հյութալի խոտ գտնելու ակնկալիքով:
Վասսյոկ

Ծնվել է` 1987թ.
Ցեղատեսակը` շոտլանդական պոնի
Մայրը` անհայտ
Հայրը` անհայտ
Սեռը` հովատակ
Թույրը` սպիտակ

Վասյոկն ամենակարճահասակ պոնին է Հայաստանում, թեև ինքը բոլորովին էլ այդ կարծիքին չէ: Նա ինքն իրեն ընկալում է որպես ձի, ավելին` երամակի առաջնորդը: Բոլոր զամբիկներն անվերապահորեն իրենն են, եւ նա պատրաստ է մեծ հովատակների հետ պայքարում ապացուցել դա:

Միայն մի բան կարող է շեղել նրա ուշադրությունը կանանցից` կոնֆետը: Նա ընդհանրապես սիրում է քաղցրեղեն, բայց կոնֆետն իր ամենից սիրելի քաղցավենիքն է: Վասյոկը 24 տարեկան է, սակայն այնքան աշխույժ է և կենսուրախ, որ ոչ ոք նրան 24 ամսից ավելին չի տալիս:
Վասյոկն աշխատում է տարվա մեջ միայն 13 օր, ամանորյա օրերին Հանրապետության հրապարակում: Մնացած ժամանակ նա պարզապես վայելում է կյանքը: :)




Ձիերից բացի, մենք ունենք 10 շուն, ճագարներ, հավեր ու այծիկներ, որոնք ևս տարբեր կերպ մասնակցում են մեր կենդանական թերապիային:


Դոդո

Դոդոն 5 տարեկան /2007/ խառնուրդ է հովվաշան հետ: Նա ծնվել ու ապրում էր Երևանի Աբովյան փողոցում: Փոքրիկ բրդոտ էակը նստած էր փողոցում և լալիս էր: Նրա մայրը կաթ չուներ, և մեկ ամսականից էլ փոքր քոթոթը սոված էր: Մոտակա խանութի աշխատողներն ինձ ասացին, որ եղել էին վեց քոթոթներ, բայց բոլորը մահացել էին, և մնացել էր այս մեկը: Փետրվար ամիսն էր, և շատ ցուրտ էր: Ես մածուն գնեցի և սկսեցի կերակրել նրան` մատս թաթախելով մածունի մեջ և թողնելով, որ նա լպստի այն: Քոթոթը հետևեց ինձ…

Դոդոն երեսառած է, իրեն բոլորովին լավ չի պահում, վազվզում է ձիերի ետևից, ստանում քացի, բայց մեկ վայրկյան անց, հենց ցավն անցնում է, նորից վազում է ետևներից, կռվում է շների, թռչունների ու այծերի հետ, հազվադեպ է ենթարկվում իմ հրահանգներին:
Բայց… նա գալիս և նստում է ոտքերիս մոտ, երբ ես տխուր եմ լինում, նա երբեք ինձ չի լքում վտանգի պահին և իմ ամենալավ ընկերն է դաշտերում երկար զբոսանքների ժամանակ:
Մումու

Մումուն 4 տարեկան /2008/ խառնուրդ է հովվաշան հետ: Նա ապրում էր ընտանիքում, բայց նրան դուրս վռնդեցին, որովհետև Մումուն… չէր հաչում ու չէր հարձակվում անծանոթների վրա: Դա տեղի ունեցավ հենց այն բանից հետո, երբ գյուղացիները սպանեցին Մումուի մորը, որն ապրում էր մեր կենտրոնում: Նրանք թունավորեցին շանը, որովհետև նա շատ էր հաչում և վախեցնում էր իրենց… Մումուն իր մոր պես գայլի աչքեր ունի: Մոր պես հավասարակշռված է, բարի ու լուրջ: Մենք նրան վերցրեցինք` հուսալով, որ նա կփարատի մեր այդքան սիրված շան կորստի ցավը:

Մումուն նախընտրում է շատ ժամանակ անցկացնել մենության մեջ: Նա համեստ, ընկերասեր շուն է: Նա սիրում է քնել, թթվասեր և խաղաղություն: Նա բացարձակապես խաղաղ է տրամադրված բոլոր կենդանիների նկատմամբ, նույնիսկ կատուների:
Եթե կարողանար, երևի կերգեր Լենոնի բառերը. «Սիրեք, այլ ոչ պատերազմեք» :) Նրա սիրով լի էության համար միակ բացառությունը Դոդոն է. երկու շներն իրար տանել չեն կարողանում և առիթ են փնտրում կռիվ սկսելու
Բիմ

Բիմը 3 /2009/ տարեկան հովվաշուն է: Նա ծնվել է եզդի քրդերի մոտ: Նրա մայրը կաթ չուներ, և 1-2 ամսական քոթոթին գցել էին աղբանոց, որպեսզի ինքն իր համար սնունդ հայթայթի: Նրա մարսողական համակարգն ահավոր վիճակում էր, և երկար ժամանակ պահանջվեց այն բուժելու համար: 3 ամսական հասակում նա փրկվեց էնտերիտից: 10 օր տառապելուց և ապարդյուն անտիբիոտիկներ ընդունելուց հետո մենք նրան տվեցինք հիսուն տարեկան կոնյակ, և հաջորդ օրը նա արդեն վազվզում էր :)

Մեր այցելուներն ասում են, որ Բիմը գայլի, եղնիկի և հեպարդի խառնուրդ է: Նա իսկապես գայլի մռութ ունի, մարմնով եղնիկի նման է և հեպարդի պես արագ և սլացիկ է վազում:
Բիմը շատ զգացմունքային շուն է: Նա իմ տեսած միակ շունն է, որ լալիս է: Իսկական արցունքներով: Նա կարիք ունի, որպեսզի նրան անվերջ շոյեն: Եվ նա երբեք դրա մասին չի խնդրում մեր այցելուներին, այլ միշտ պահանջում է: :)
Մաշա

Մաշան 3 տարեկան /2009/ խառնուրդ է պոմերանյան ցեղատեսակի հետ: Մաշան մեր մեծ ընտանիքի հերթական փրկված անդամներից մեկն է: Ինչ որ մեկը քոթոթին թողել էր կիսաքանդ գոմում` նրան դատապարտելով մահվան: Սակայն ճակատագիրը նրա համար այլ բան էր նախատեսել. մենք պատահաբար գտանք նրան

Մաշան չի կարող մենակ ապրել, նա պետք է միշտ իր շուրջը տեսնի մարդկանց, շների և այլ կենդանիների: Այս փոքրիկ գեղեցիկ էակը մեր տարածքի ամենամեծ պաշտպանն է: Նա անդադար հաչելով ոտքի է կանգնեցնում մյուս շներին, երբ մեր տարածքում այլ շուն է հայտնվում, սակայն կռիվը սկսելուն պես մտնում է ամենամոտիկ թաքստոց ու թաքնվում :)
Մաշայի հետ մարդիկ մոռանում են շների նկատմամբ իրենց վախը: Նա ձեզ հրավիրում է խաղալու, և չի ընդունում այդ հրավերի մերժում, նա բարձրանում է ձեր ծնկներին և պահանջում, որ շոյեք իրեն, և դուք անվերջ կարող եք գրկել և շոյել նրան, Մաշան պարզապես երջանիկ կլինի:
Դորա

Դորան 5 տարեկան ֆոքս հաունդ է: Մենք Դորային գտանք փողոցում, նա մեքենայի տակ էր ընկել և ոտքը կոտրվել էր: Նրա վզին վզնոց կար, և մենք ենթադրեցինք, որ նա տեր է ունեցել, ով երևի դուրս է արել նրան: Նա մոտ մեկ ամիս անցկացրել էր կոտրված ոտքով, և վտանգ կար, որ նրա մոտ սկսել էր փտախտ, և ոտքը պետք էր ամպուտացիայի ենթարկել: Սակայն անասնաբույժ Արտյոմը չափազանց բարդ մի վիրահատություն անցկացրեց, և երկու ամիս տևած վերականգնողական շրջանից հետո մեզ հաջողվեց փրկել նրա ոտքը, և այժմ Դորան նույնիսկ չի կաղում:

Երբ մենք ձիերով գնում են դաշտեր, Դորան հրթիռի արագությամբ վազում է մեզանից առաջ` փնտրելով աղվես, նապաստակ, բադ և այլ կենդանիներ:
Հետո հասկանում է, որ մենք հետ ենք ընկել, և սկսում է փնտրել մեզ` բարձր հաչելով և սպասելով պատասխան սուլիչին: Միայն թույլ տվեք նրան վազել հնարավորինս արագ և հեռու, և Դորան լիովին երջանիկ ու բավարարված կլինի:
Ասլան

Ասլանը 2 տարեկան /2010/ հովվաշան և ալաբայի խառնուրդ է: Ասլանը մեր շների մեջ միակն է, որը գնված է, այլ ոչ վերցրած փողոցից: Այն բանից հետո, երբ Անդրեյը (մեր մարզիչներից մեկը) գնեց Ասլանին, պարզվեց, որ նա իր չափի ճիճուներ ուներ: Երկու անասնաբույժ ասաց, որ նա փրկվելու հույս չունի: Երրորդն առաջարկեց «քնեցնել» շանը, քանի որ քոթոթը տանջվում էր: Բայց Անդրեյը որոշեց պայքարել նրա կյանքի համար: Քոթոթը փրկվեց…

Ասլանը մրցում է Մաշայի հետ իր աղմկոտությամբ: Մենք կարիք չունենք փականների կամ դարպասների, նա արտակարգ պահակ է: Թեև նա շատ ուժեղ է հաչում, իրականում նա շատ բարի և քնքուշ արարած է, ով սիրում է խաղալ Մաշայի և Մալիշի հետ և կռվել Բիմի հետ:
Ասլանը մեր շներից ամենահնազանդն է: Նա միակն է, ում կարելի է հետ կանչել նույնիսկ հարևան շների հետ կռվի ամենաթեժ պահին: :) Նա շատ հոգատար է երեխաների հանդեպ, և մեր երեխաների ամենասիրելի շունն է, քանի որ շատ նման է հանրահայտ մուլտֆիլմի առյուծ Սիմբային:
Մալիշ

Մալիշը 2 տարեկան /2010/ տակսայի խառնուրդ է: Նա ծնվել է Երևանում, Աբովյան փողոցում, բնակելի շենքի բակում: Շենքի բնակիչներից ոմանք չէին սիրում շանը և սպառնում էին, որ կզանգեն Յունիգրաֆ X, որպեսզի շանը տանեն: Հետո նա փոխեց երկու տեր. մեկը նրանից հրաժարվեց, որովհետև նա հարևանների տներից գողանում էր… ներքնազգեստ, իսկ մյուսը` որովհետև չէր հաչում անծանոթների վրա: Մեզ ոչինչ չէր մնում անել, քան վերցնել նրան մեր կենտրոն: Նա չշփվող, կասկածամիտ, վախեցած շուն էր, այնքան նիհար, որ կարելի էր ոսկորները հաշվել

Հիմա Մալիշը մեր շների մեջ ամենաերեսառածն է: Նա անսպառ էներգիա ունի, անդադար վազվզում է Մաշայի հետ (նրանք երկվորյակների նման են` միասին խաղում են, ուտում, քնում)՝ այդպիսով ապահովելով մնացած շների անդադար շարժումը, որոնք չեն կարողանում չհետևել այս քոթոթների խենթ վազքին:
Նա թռնում է մեր բոլոր այցելուների վրա` հրավիրելով նրանց խաղալ իր հետ, և ամեն ինչ անում է` սնունդի ավել բաժին ստանալու համար (նա կովկասյան հովվաշան չափ է ուտում):
Միքի Մուկ

Միքին 3 տարեկան /2009/ խառնուրդ է քորգիի հետ: Նա ապրում էր Ուշիում: Նրա տերերը շանը պահում էին կամ կարճ շղթայով կապած կամ նկուղում, որովհետև այս փոքրիկ էակը ՛՛չափազանց վտանգավոր էր ու բոլորին կծում էր՛՛: Մի անգամ էլ հղի շանը գցում են նկուղ ու մոռանում նրան: Միքին ծննդաբերում է և մի քանի օր ջրին ու սնունդին ապարդյուն սպասելուց հետո ուտում է իր սեփական ձագերին! Տերերն էլ դուրս են շպրտում նրան, թե ՛՛բա սա մայր է, հրեշ է, որը կերավ իր սեփական երեխաներին!: "

Մենք Միքիին վերցրեցինք մեր մեծ ընտանիք: «Վտանգավոր շունն» իրականում չափազանց բարի է ու քնքուշ: Իր փոքրիկ մարմնում Միքին ունի անսահման սիրո պաշար, որով առատորեն կիսվում է բոլորի հետ: Մենք նրան անվանում ենք Միքի Մուկ, որովհետև նա պարզապես խելագարվւմ է դաշտամկների համար:
Միքին նրանց որսում է այսպես. Գլուխը մտցնում է մկան բնի երկու անցքերից մեկի մեջ ու սկսում է անդադար փռշտալ: Փոշուց ու աղմուկից սարսափահար մկնիկը դուրս է թռչում մյուս անցքից, ու այդտեղ Միքին բռնում է խեղճին ու կուլ տալիս:
Լալոշ

Լալոշը մոտ մեկ տարեկան /2011/ խառնուրդ է կովկասյան հովվաշան հետ: Լալոշը պարզապես մի օր հայտնվեց մեզ մոտ՝ գլխին խորը վնասվածքով: Դա պատահեց մեր շատ սիրելի ռիզեն շնաուցեր Նեսիի մահվան երկրորդ գիշերը: Միգուցե հիմարություն թվա, բայց նա կարծես ինչ-որ հաղորդագրություն լիներ Նեսիից, և ես երբեք այնքան ուժ չգտա մեջս նրան վտարելու՝ չնայած առանց նրա էլ շները մեզ մոտ շատ էին: Նրա պոչը կտրած է. ամենայն հավանականության, Լալոշը երբևէ տեր է ունեցել:

Մենք նրան Լալոր անվանեցինք, որովհետև նա լալոշ է: :) Նա շատ երեսառած է ու չարաճճի: Լալոշի վրա բարկանալն անհնարին է. Նա պարզապես անտեսում է դա:
Իր դանդաղ, անշտապ քայլվածքով Լալոշը մոտենում է, գլխով սկսում քսմսվել ծնկիդ և դու, բնականաբար, հալվում ես: Լալոշը չափազանց հանգիստ է ու չափազանց անվախ. Չի փախչում նույնիսկ արջից, ստուգված է: :)
Լաքի

Լաքին մի քանի ամսեկան խառնուրդ է գերմանական հովվաշան հետ: Նրա անունը Լաքի է, որովհետև նա իրոք շատ հաջողակ է /lucky = հաջողակ/: Լաքին ապրում էր փողոցում, ընկել էր մեքենայի տակ, ու ետևի ոտքերի կաթված էր ստացել: Բժիշկի որոշումը հստակ էր՝ քնեցնել: Բայց իրեն փողոցում գտնող աղջիկը որոշեց շանս տալ շանը: Ու Լաքին ապրեց: Ավելին, նա այժմ օգտագործում է իր բոլոր վերջույթները և թեև բավականին դանդաղ, բայց ապաքինվում է: Նա այժմ ապրում է մեզ մոտ, բայց մենք փորձում ենք ՇԱՏ ԼԱՎ ու կայուն ընտանիք գտնել նրա համար:

Թեպետ նա արտաքնապես նման չէ գերմանական հովվաշանը, բայց հոգով ինքն է, որ կա: Էմոցիոնալ, չափազանց հավատարիմ, չափազանց խելացի /նույնիսկ կասկածում եմ, որ նա վեցերորդ զգայարան ունի/:
Նա սիրում է աղջիկներին և չի սիրում տղաներին. կամ միգուցե պարզապես վախենում է նրանցից: Լաքիի վրա կան բազմաթիվ սպիեր. Միգուցե տղաները տանջել են իրեն փողոցում: Նրա վախերն, այնուամենայնիվ, նույնպես կամաց-կամաց անհետանում են: Լաքին սիրում է լպստել՝ մարդկանց, շներին, ճագարներին, ձիերին, կովերին՝ ով և ինչ ընկնի «թաթի տակ»: Նա սովորել է ընկույզ ջարդել այնքան հմտորեն, որքան մեր մնացած շները, և հիմա իր ողջ «ազատ ժամանակն» անցկացնում է ծառերի տակ դեռ մնացած ընկույզներն ուտելիս:
Ճագարները

Նրանք այնքան լավն են, այնքան փափուկ, որ ուզում ես անընդհատ գրկել և փաղաքշել: Բայց նրանց ձեռք տալը խստիվ արգելվում է. նրանք շատ զգայուն են և խոցելի բազմատեսակ մանրէների հանդեպ: Սակայն նույնիսկ նրանց հետևելը՝ ինչպես են ուտում, շփվում միմյանց հետ, բույն պատրաստում ապագա ձագերի համար, գերագույն հաճույք է:
Հավերը

Մենք ունենք երեք հավ և աքաղաղ: Աքաղաղը հետևում է հավերին և պաշտպանում նրանց մեզնից ու շներից: Մեր հավերը հատուկ են. նրանք երբեք ձու չեն ածում: Գյուղում այսպես է. եթե հավը լավ է ձու ածում, նրան պահում, փայփայում են, հակառակ դեպքում նա շատ արագ հայտնում ա ճաշացանկում: Մեր հավերը հասկացել են, որ մորթել նրանց ոչ եո չի պատրաստվում. ապա էլ ինչու՞ չարչարվել: :)
Այծիկներ

Այս փոքրիկներն այնքան հետաքրքրասեր և շփվող են: Նրանք միշտ պատրաստ են խաղալ, և միշտ սիրում են, երբ իրենց շոյում են: Նրանք դեռ կաթ են խմում, ուստի երեկոյան մենք նրանց տանում ենք իրենց մայրիկների մոտ, որոնց առանձին տեղում են պահում (մայր այծերը չեն սիրում, երբ իրենց ձագուկները անհանգստացնում են իրենց): Ամռանը նրանք տեղափոխվում են սարերը` հյութեղ խոտ ուտելու:




Մենք նաև ունեինք կենդանիներ, որոնք տարբեր պատճառներով այլևս մեզ հետ չեն: Նրանք բոլորն էլ շատ սիրված են մեր կողմից, և մենք երբեք չենք մոռանում նրանց: Եվ մենք չենք ուզում նրանց մասին գրել անցյալ ժամանակով:


Արջուկ

Արջուկը պարզապես անհետացավ մի օր... Գնաց հովիվների հետ սար, ինչպես արել էր բազում անգամ, և չվերադարձավ: Մենք հուսով ենք, որ ինչ-որ մեկը պահում է նրան: Հուսով ենք, որ այնտեղ Արջուկը երջանիկ է... Խոսքերն անկարող են արտահայտել, թե որքան սիրված էր և է Արջուկը...

Երբ Արջուկը փոքր էր, նրա տերերը շատ էին սիրում իրեն: Թույլ էին տալիս ապրել տանը, խնամում էին, խաղում հետը և երես տալիս: Երբ Արջուկը մեծացավ, նրան դուրս արեցին տանից, քանի որ… նա չափազանց բարի էր: Նա չէր հաչում տուն մտնող մարդկանց վրա, փոխարենը պոչը խաղացնելով վազում էր նրանց ընդառաջ, և տերերը որոշեցին, որ «նրանից օգուտ չկա» և վռնդեցին նրան` փոխարենը բերելով պիտբուլ ցեղատեսակի մի շուն:

Մեր կենտրոնում այդ սպիտակ արջը բոլորի կողմից շատ սիրված է իր հենց այդ հատկանիշների համար` նա անչափ բարի է, լի սիրով և հոգատարությամբ, հատկապես երեխաների նկատմամբ: Արջուկի ներկայությունը շատ լավ է անդրադառնում մեր փոքրիկ այցելուների վրա, որոնք գալիս են մեզ մոտ հիպոթերապիայի համար. նա թույլ է տալիս երեխաներին խաղալ իր հետ որքան ուզում են, ժամերով խաղում է նրանց հետ, և նրա հանգստությունը և բարությունը օգնում են մարդկանց հաղթահարել մեծ շների նկատմամբ ունեցած վախը:
Ժասպեր

Ծնվել է՝ 2010 մայիսի 4
Մահացել է՝ 2011 սեպտեմբերի 3
Ցեղատեսակը՝ տրակենի, զտարյունի և տեղականի խառնուրդ
Մայրը՝ Ժասմին
Հայրը՝ Պոիսկ
Սեռը՝ հովատակ
Թույրը՝ շեկ

Ժասպերը ծնվել էր ձեռքերիս մեջ ու մահացավ ձեռքերիս մեջ... Ընդամենը տաս րոպեում, բացարձակ առողջ ձիուկ, աղիքի ոլորումից... Նա ընդամենը 1.4 տարեկան էր, հիանալի մտրուկ, ով դառնալու էր հիանալի ձի...

Ժասպերը մեր շատ սիրված Պոիսկի որդին է եւ իսկական կրկնօրինակը: Նա երես առած է եւ ավելի շատ քոթոթի, քան թե ձիու է նման. նա խաղում է բոլորի հետ, լինի դա ձի, շուն, թե մարդ: Նրա կյանքի նպատակը հնարավորինս շատ կաթ ուտելն է: Երբ ինչ-որ մեկը հեծնում է իր մորը՝ Ժասմինին, Ժասպերը վազում է նրա կողքով: Երբ գալիս է նրա հերթական կաթ ուտելու ժամանակը, նա վազում է Ժասմինից առաջ և փորձում իր մարմնով կանգնեցնել նրան: Հետո շրթունքներով բռնում է հեծյալի տաբատը՝ ջանալով իջեցնել նրան ձիուց և վայելել իր կաթը:
Նեսի

Նեսին մահացավ տասներկու տարեկան հասակում` ուղեղի կաթվածից: Նա մեզ հետ անցկացրեց ընդամենը չորս ամիս, բայց ես այնպիսի զգացողություն ունեմ, կարծես նա ինձ հետ է եղել ողջ կյանքում: Ոչ մի ուրիշ շուն երբևե չի կարող քեզ փոխարինել Նեսի… Ես քեզ այնքան եմ կարոտում, ամեն օր, ամեն ակնթարթ…

Նեսիի պատմությունը երևի թե ամենադրամատիկն է: Ես նրան պատահաբար տեսա փողոցում պառկած` անվերջ տխուր աչքերով, և փորին հսկայական ուռուցքով (երևի թե հենց դրա համար էին 12 տարեկան շանը դուրս արել տանից): <<Փրկենք կենդանիներին>> ֆեյսբուքյան խմբի անդամների ֆինանսական օգնությամբ անասնաբույժ Միհրանը վիրահատեց նրան:

Նեսին մեզ մոտ իսկապես գտավ իր դրախտը` մեր ութ երիտասարդ, առույգ շները նրան ավելի երիտասարդ են դարձնում, մարդիկ սիրում են նրան, հիպոթերապիայով զբաղվող երեխաները շատ են սիրում խաղալ այդ մեծ, բրդոտ էակի հետ: Նեսին պետք է ամեն երեք ամիսը մեկ անցնի բուժզննություն, քանի որ ուռուցքը կարող է նորից կրկնվել: Քաղցկեղ ախտորոշմամբ երբեք չես կարող վստահ լինել ապագայի մասին: Բայց մի բանում մենք համոզված ենք` իր կյանքի մնացած օրերը նա կապրի երջանիկ` իրեն սիրող ընտանիքում: Նեսին ռիզեն շնաուցեր տեսակի շուն է: Դա շատ լավ ցեղատեսակ է` խելացի, զգացմունքային, երեխաներին սիրող և տիրոջը նվիրված: Ինձ մեկ ամսից քիչ ժամանակ ճանաչելով հանդերձ` նա ինձ սիրում է ավելի, քան մեր բոլոր շները միասին վերցրած: Նա ստվերի պես հետևում է ինձ, պաշտպանում բոլորից, և պահանջում է քնել միայն ինձ հետ:
Սթրասբուրգ Երկրորդ

Ծնվել է` 2007թ.
Ցեղատեսակ` անգլո - արաբական
Մայրը` Ժասմին
Հայրը` Ստրասբուրգ
Սեռը` հովատակ
Թույրը` շեկ

Սթրասբուրգին վաճառել է ձիերի և տարածքի տերը, որտեղ մենք իրականացնում ենք հիպոթերապիա: Նա այժմ ապրում է երկու հովիվ եղբայրների մոտ, ովքեր ունեն այլ ձիեր էլ: Սթրասբուրգին լավ են խնամում ու կերակրում, և նրանն են փոքր երամակի բոլոր զամբիկները: Մենք շատ ուրախ ենք նրա համար, բայց, միևնույնն է, կարոտում ենք:)

Նա քամի է հիշեցնում: Հնարավոր չէ բառերով նկարագրել նրա գեղեցկությունը: Սթրասբուրգը շատ շփվող է եւ սիրում է խաղալ: Նա սիրում է, երբ քորում են ճակատն ու վիզը: Նաև սիրում է ծամծմել ուսս կամ գոնե բաճկոնս:

Մենք սկսել ենք հեծնել նրան: Նրա վարգն ու քառատրոփը շատ փափուկ ու հանգիստ են: Նա զարմանալիորեն լավ է պահում իրեն զամբիկների շրջապատում(կարծես բոլորովին հովատակ չլինի):
Ժասմին

Ծնվել է` 2004թ.
Ցեղատեսակը` անգլիականի և տեղականի խառնուրդ
Մայրը` Ժասմին
Հայրը` Ժիգան
Սեռը` զամբիկ
Թույրը` մուգ շեկ

Ժասմինին մեր տարածքի տերը փոխանակեց երկու կովով: Նա այժմ ապրում է Ապարանի գյուղերից մեկում, հովվի մոտ: Նա միշտ փայլփլուն մաքուր է, լավ խնամված ու լավ կերակրած: Ժասմինը շատ սիրված է իր նոր տիրոջ կողմից ու պատասխանում է նրան նույն կերպ:

Ժասմինը բարի է, համեստ ու մեծահոգի: Իր լայն մեջքով եւ ոչ շատ բարձր հասակով` իդեալական ձի է հիփոթերապիայի համար:

Նրան ասես ամենից հաճելի է իր սեփական ընկերակցությունը: Մարդկանց Ժասմինն ընկալում է որպես սննդի մատակարարներ, եւ նրանց գուրգուրանքներն ընդունում է որպես ոչ այնքան հաճելի, բայց անհրաժեշտ վարձավճար` ստացած սննդի համար:
Բերտա

Բերտան մահացավ, երբ նա մեկ տարեկանից էլ փոքր էր, աղիների բորբոքումից, Նոր Տարվա նախօրեին: Քնքուշ կովկասյան հովվաշուն` մեծ, տխուր աչքերով: Մենք նրան այնքան բաներից էինք փրկել, բայց չկարողացանք փրկել նրան ամենադաժան հիվանդություններից մեկից, որ կարող են ունենալ շները…

Բերտան բոլոր երեխաների սիրելի շունն է: Նա քնքուշ աղջիկ է` իմաստուն և բարի աչքերով: Բերտան այնքան ալարկոտ է, որ կարող ես ոտքով դիպչել նրան, երբ նա պառկած է հատակին, և նույնիսկ ցավը չի ստիպի նրան վեր կենալ և փոխել իր տեղը: Նա մեծ, փափուկ և փրչոտ մի խաղալիք է…
Պոիսկ

Ծնվել է` 2004թ.
Ծնվել է` 1988թ.
Մահացել է՝ 2010 հունիսի 4
Ցեղատեսակը` տրակեն
Մայրը` անհայտ
Հայրը` անհայտ
Սեռը` հովատակ
Թույրը` մուգ աշխետ

Պոիսկը մահացավ 22 տարեկանում: Բառերը բավարար չեն` նկարագրելու համար, թե որքան հիանալի ձի էր նա, և որքան մեծ կորուստ էր նրա մահը…

Պոիսկը մեր ձիերի հոտում գլխավոր հովատակն է: Նա 21 տարեկան է, ինչը մարդկային տարիքով հավասար է 95-100 տարեկանի: Սակայն նա շատ լավ է պահպանվել: Պոիսկը շատ հանգիստ և դաստիարակված ձի է այնքան ժամանակ, քանի դեռ աղջիկ չի տեսնում: Իսկ երբ տեսնում է, անմիջապես հիշում է, թե որն է հովատակի նշանակությունը: Նա սիրում է թավալվել գետնին, հատկապես ձյան մեջ, և տանել չի կարողանում երբ դիպչում են նրա ականջներին և ճակատին:

Սորենտա

Ծնվել է` 2008թ.
Ցեղատեսակը` տեղական
Մայրը` անհայտ
Հայրը` անհայտ
Սեռը` զամբիկ
Թույրը` բաց շագանակագույն

Սորենտան այժմ ապրում է դրախտում` Իջևանի Ենոքավան գյուղում: Նա լիովին ազատ է լեռներում: Նա ոտքերի հետ կապված խնդիր ուներ, բայց այդ խնդիրը լրիվ անհետացել է Ենոքավանում մի քանի ամիս անցկացնելուց հետո: .

Սորենտան ավելի շուտ շուն է, քան ձի: Նա չի վախենում մարդկանցից, մոտենում է բոլորին, թույլ է տալիս շոյել իրեն և կերակրլ և հաճույքով խաղում է երեխաների հետ: Նա շատ համբերատար է, թողնում է, որ երեխաները տարբեր ձևերով խաղան իր հետ, բայց ունի մեկ թուլություն` խնձորը:
Մի անգամ մենք նրան դուրս բերեցինք, որպեսզի խաղա հինգ տարեկան աուտիկ երեխայի հետ: Տղան մի մեծ խնձոր ուներ ձեռքում, և Սորենտան փորձեց խնձորը վերցնել նրանից: Երեխան չտվեց խնձորը և փախավ: Սորենտան վազեց նրա հետևից: Նրանք կես ժամից ավել վազվզում էին բակում: Տղան հաղթեց, և Սորենտան այնքան ջղայնացավ, որ սկսեց արագ վազել բակում, թռչկոտել և փնչացնել: Երբ մենք փորձեցինք կրկնել այդ էքսպերիմենտը մեկ շաբաթ անց, պարզվեց, որ Սորենտան հիշում էր տղային և սկսում էր նյարդայնանալ մինչև տղային մոտենալը: Մենք ստիպված էինք նրան հետ տանել` երեխայի անվանգության համար :)
Տորնադո

Ծնվել է` 2008թ.
Ցեղատեսակը` տեղական
Մայրը` անհայտ
Հայրը` անհայտ
Սեռը` հովատակ
Թույրը` մոխրագույն

Տորնադոն հայտնվեց մեր ախոռում Սորենտայի հետ միասին, և այժմ նրա հետ ապրում է Ենոքավան գյուղում: Նա փոքր հոտի գլխավոր հովատակն է և միանգամայն երջանիկ ձի է:

Եթե Տորնադոն կարողանար ընտրել, թե ինչ կենդանու տեսքով կուզեր ծնվել, նա միանշանակ կընտրեր լինել խոզ: Նա շատ է սիրում թավալվել ցեխի մեջ: Մենք նրան լվանում ենք շամպունով և կապում դաշտում, որպեսզի չորանա: Նա անմիջապես գտնում է միակ ցեխոտ ջրափոսը, և ամբողջությամբ կեղտոտվում ընդամենը մի քանի վայրկյանում: Բայց սա նրա միակ թերությունն է: Նա շատ գեղեցիկ, ընկերասեր և առույգ ձի է:

Չապլին

Չապան մահացավ աղիների բորբոքումից, երբ 4.5 ամսական էր: Մենք ամբողջ գիշեր պայքարեցինք նրա կյանքի համար, բայց չկարողացանք փրկել նրան: Նա այնքան սիրում էր վազել: Հույս ունեմ, որ նա հիմա երջանիկ վազվզում է շների դրախտում…

Չապին երեսառած, անվերջ հմայիչ քոթոթ է: Ես նրան փրկեցի մեքենայի տակ ընկնելուց, և նա հետևեց ինձ` կարծես ամբողջ կյանքում ճանաչում էր ինձ: Այն ժամանակ նա մեկ ամսեկան էր: Ես նրան բերեցի մեր ախոռը, և երբեք չեմ զղջացել դրա համար: Չապան հիանալի պաշտպան է ` չնայած իր փոքր չափին: Եվ նա անվերջ խաղում է բոլորի ու ամեն ինչի հետ: Կյանքը շարժում է. այս արտահայտությունը հենց Չապայի մասին է: Բոլորը երջանիկ են, երբ նա մոտակայքում է, բացառությամբ Ֆունտիկի: Ֆունտիկի հետ նրանք իսկապես կռվում են շուն ու կատվի պես :)
Ֆունտիկ

Ֆունտիկը փախավ մեզ մոտից մի մեծ սև կատվի հետ` թողնելով իր մեկ ամսական ձագերին: Դա առաջացրեց ամբողջ գյուղի զայրույթը (ինչ մայր է նա, եթե երեխաներին թողնում է տղամարդու պատճառով!!!) Ամեն դեպքում կատուն մնում է կատու, հատկապես եռագույն կատուն:

Այս կատուն բացարձակապես հմայիչ էակ է: Բոլորը սիրում են նրան, նույնիսկ այն մարդիկ, ովքեր չեն սիրում կատուներին: Նա սիրում է ուտել, և շատ լավ է ուտելիք խնդրելու հարցում: Նա վազելով մոտենում է մեր կենտրոնի բոլոր այցելուներին և սկսում է խղճահարույց մլավել, կարծես մենք նրան երեք օր սոված ենք թողել: Եվ դա միշտ աշխատում է: Ֆունտիկը սիրում է, երբ նրան շոյում են, ուստի նա հրաշալի է նյարդերը հանգստացնելու համար: Նա շատ քնքույշ է և սիրում է լինել ուշադրության կենտրոնում: Եվ նա անհույս երեսառած է: Ֆունտիկը մեր ախոռում բացել է կատվաբուժության կենտրոն: Նա մեր կենտրոնի այցելուներից ընտրում է իր հիվանդներին, թռչում է նրանց ծնկներին և ստիպում է նրանց շոյել իրեն: Նա հատկապես լավ զգում է ստամոքսի խնդիրներ ունեցող մարդկանց և նրանց, ովքեր տխուր են: